Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման մասին օրինագիծը: Այդ մասին հայտնել է ՍԴ նախագահ Ալեքսանդր Թենասեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան հայցը մինչ այդ ներկայացրել էր 39 խորհրդարանականներից բաղկացած խումբը, որը դատարանին խնդրել էր սահմանադրության «Անհամատեղելիություն եւ անձեռնմխելիություն» հոդվածից հանել երրորդ մասը: Դրա դրույթները նախատեսում են, որ պատգամավորը «չի կարող ձերբակալվել, կալանավորվել, խուզարկվել բացառությամբ այն դեպքերի, երբ նրան ձերբակալում են հանցագործության վայրում, կամ դատական պատասխանատվության ենթարկվել առանց օրենսդիր մարմնի համաձայնության»: Բացի դրանից պատգամավորը անհրաժեշտ են համարել հոդվածի անվանումից հանել «անձեռնմխելիություն» բառը:

Մինչ այդ խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն հայտնել էր, որ Մոլդովայի պատգամավորները կողմ են իրենց իմունիտետը չեղարկելու նախաձեռնությանը:

Ըստ Մոլդովայի օրենսդրության՝ սահմանադրության մեջ փոփոխություն անելու մասին օրինագծերը կարող են քննարկման դրվել ՍԴ եզրակացությունից առնվազն վեց ամիս հետո: Եթե այդ ժամանակահատվածում դրանք չեն քննարկվում, ՍԴ որոշումն ուժը կորցրած է համարվում: Պետության մայր օրենքում փոփոխություններ ընդունվում են պատգամավորների ձայների երկու երրորդով: