Լեհաստանը շատ ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին եւ չափավոր դիրքորոշում է պահպանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
Պատասխանելով հայկական Թալիշ գյուղում երեք տարեց մարդու գնդակահարած եւ նրանց ականջները կտրած, հայ զինվորների մարմինները ծանակած ադրբեջանցի զինվորականների պահվածքը մեկնաբանելու խնդրանքին` դեսպանը նշել է. «Մի կողմից, ուղղակի անհնար է հանգիստ նայել դրան: Բայց մյուս կողմից, ես դիվանագետ եմ եւ առայժմ ուզում եմ շատ չափավոր լինել հակամարտության վերաբերյալ, որովհետեւ միշտ, երբ ինչ-որ մեկը միջամտում է հակամարտությանը առանց որոշակի նախապատրաստության, կարող է միայն բարդացնել այն: Այնպես որ, չեմ ուզում նշել` դա ագրեսիա էր, թե ոչ, սակայն մարդկային տեսանկյունից պատերազմն անընդունելի է:
Տեղեկությունն ամբողջական չէ, շարունակել է Եժի Մարեկը, անպես որ, բոլոր դիվանագետների համար շատ դժվար է դիրքորոշում հայտնել այդ հակամարտության վերաբերյալ: Ամենակարեւորը, որ հակամարտության բոլոր կողմերը լուրջ հրադադարի հասնեն», - ընդգծել է դեսպանը:
Ի պատասխան այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ հենց եվրոպական երկրները պիտի հանդես գան ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների հետ կապված կոնկրետ հասցեական հայտարարություններով, Նովակովսկին նշել է. «Իմ կարծիքով, առայժմ ավելի լավ կլինի, եթե տեխնիկական դիվանագիտությունն աշխատի, առայժմ ոչ ոք հայտարարություններով հանդես չպիտի գա: Պետք է բոլոր կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ եւ դադարեցնել բռնությունը: Լեհաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, անմիջականորեն կապված չէ այս հակամարտությանը: Բայց մենք շատ ուշադիր հետեւում ենք իրադարձություններին եւ շատ չափավոր դիրքորոշում ենք պահպանում»:





























