Մեքսիկայի ազգային արխիվում (AGN), որը նախկին բանտի շենքում է գտնվում,  պահվում է հայերի հանդեպ դատական գործերով ինկվիզիցիայի փաստաթղթերի մի հետաքրքիր ժողովածու:

2013 թ. հունվարին  Andin (www.eastarmhistory.com) հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Ռուբեն Գինեյի խումբը «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» վավերագրական ֆիլմի նկարահանումների ընթացքում ձեռք էր բերել նշված թղթապանակը հետազոտելու թույլտվություն:

Այս կարեւոր թղթապանակի ձեռագրերից մեկը, որը գրվել է 1731 թ., պատմում էր, թե ինչպես Նոր Ջուղայից երիտասարդ հայ վաճառականը` Սարհադի որդի Դոն Պեդրոն (Պետրոսը), «Մանիլա Գալլեոն» առեւտրական հայտնի նավերից մեկով 1722 թ. կտրեց Խաղաղ օվկիանոսը՝ Չինաստանից հասնելով Ակապուլկո:

Դոն Պեդրոն Մեքսիկայում մեծ հաջողության հասավ՝ զբաղվելով այլ երկրներ արծաթի արտահանմամբ: Սակայն որոշ ժամանակ անց ինկվիզիցիան Պետրոսին մեղադրեց աղանդավորության մեջ,  քանի որ նա Հայ առաքելական եկեղեցու զավակ էր, ոչ թէ՝ կաթոլիկ:

Դատական գործընթացը մի քանի տարի տեւեց, եւ այդ ընթացքում  Պեդրոյին հանձնարարվեց գրել մանրամասն ինքնակենսագրություն, որն էլ հենց  դարեր անց հայտնվեց Մեքսիկայի արխիվներում:

Հենց այս հանգամանքների շնորհիվ էլ Մեքսիկայի AGN արխիվներում հայտնվեցին Խաղաղ օվկիանոսով դեռ 18-րդ դարի սկզբում ճանապարհորդաց հայ վաճառականության պատմության ամենահետաքրքիր փաստերը:

Ռուբեն Գինեյի խոսքերով՝ Դոն Պեդրոյի մասին հոդվածն առաջինն է Չինաստանում եւ Մեքսիկայում հայ վաճառականների պատմությունների շարքից:  Այս նախաձեռնությունն ընթերցողներին թույլ կտա հասկանալ, թե որքան տարածված է  եղել հայկական առեւտրական ցանցը, որի կենտրոնը Նոր Ջուղան էր:

Նշենք, որ Ռուբեն Գինեյը ծնվել է 1985 թ. Երևանում: 2002 թ.-ին ընդունվել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ) (Ի.Մասլեննիկովի արվեստանոց): 2004 թ.-ին տեղափոխվել է Չինաստան:  «National Geographic China» հանդեսի հետ համագործակցող անկախ լուսանկարիչ է: 2010 -2011 թթ. գլխավորեց դեպի Արևելյան Թուրքեստան (Սինցզյան) արշավախումբը՝ անցնելով 2.800 մղ. Սիանից մինչև Ուրումչի և Քաշգար՝ հյուսիսային ճանապարհով, Թարիմյան իջվածքի երկայնքով հաղթահարելով Տակլա-Մական անապատը: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է, որոնց շարքում է հեռուստադիտողին հայտնի «Աշխարհի քաղաքներ. Շանհայ» ֆիլմաշարը (2008 թ.): 2010-2011թթ. մասնակցել է դեպի Թարիմյան լողավազան երկու հնագիտական արշավների: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:  Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր է (2014 թ.):