Երեւանի Մաշտոցի պուրակի դիմաց մարտի 24-ին ոստիկանների հետ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը հույս չունի, թե մեղավորները կբացահայտվեն եւ կպատժվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Եղնուկյանը։

«Ինչպես բոլոր գործերը, այնպես էլ սա՝ կջրվի կգնա։ Ինչո՞ւ են Գեւորգ Սաֆարյանին կալանքի տակ պահում․ ինչ-որ տեսանյութում ինչ-որ ոտք են հայտնաբերել, որը հարվածում է ինչ-որ մեկին: Բայց հայտնի չէ՝ թե ում ոտքն է։ Նույնն էլ էստեղ՝ ոտք կա, բայց տեր չկա»,- ասաց Ռուզաննա Եղնուկյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մաշտոցի պուրակի դիմաց մարտի 24-ին ոստիկանների հետ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանի գործով քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք էր ստացել Ռուզաննա Եղնուկյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց:

Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության՝ ակցիայի ընթացքում ոստիկանները հայհոյել եւ հարվածներ են հասցրել ի նշան բողոքի իրենց շղթայած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներին, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին: