ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր՝ ապրիլի 19-ին, հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ եւ քննարկել ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին եւ շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը դեսպան Բեխլերին ներկայացրել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների ընթացքը, շփման գոտում ներկայումս ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, նշելով, որ հայկական կողմը ձեռնամուխ է լինելու վերոնշյալ հանցագործությունների միջազգային իրավական գնահատական տալու գործընթացին:
Հատուկ ընդգծվել է, որ հրադադարի վերականգման մասին բանավոր պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից չեն պահպանվում եւ վերոնշյալ պայմանավորվածությունից հետո հակառակորդի կրակից եւ հրետակոծությունից ԼՂՀ կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, ինչին ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները ստիպված են կտրուկ արձագանքել:
Այս առումով կարեւորվել է ԵԱՀԿ-ի դերը շփման գծում լարվածության թուլացման, ինչպես նաեւ մոնիտորինգային եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման միջոցով հրադադարը ամրապնդելու գործում:





























