Ադրբեջանը բռնապետություն է մնում. դա բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ցանկացած քննարկում: Այդ մասին ապրիլի 19-ին հայտնել է Եվրոպայի  Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ֆրանսիացի պատգամավոր, Սոցիալիստների խմբի անդամ, ԵԽԽՎ-ի փոխնախագահ Ռենե Ռուկեն ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի երկրորդ աշխատանքային օրվա շրջանակում:   

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումը բավականին լուրջ է եւ կարող է վերածվել  բացահայտ պատերազմի: «Ռուսաստանի ճնշման տակ կողմերը ժամանակավոր հրադադարի են հասել: Առաջին բարդությունը, որին բախվում ենք ստեղծված իրավիճակում, այն փաստն է, որ Ադրբեջանը բռնապետություն է մնում: Դա բարդացնում է ցանկացած քննարկում եւ այդ քննարկումների ցանկացած արդյունք կասկածելի է դարձնում», - ընդգծել է Ռենե Ռուկեն: Երկրորդ բարդությունը, շարունակել է ԵԽԽՎ-ի պատգամավորը, այն է, որ հակամարտությունը գոյություն ունի մի կողմից միջազգային իրավունքի տեսանկյունից, իսկ մյուս կողմից` սահմանների մշուշոտ բնույթի:   «Ես չեմ կարծում, թե որեւէ լուրջ մարդ կարող է կասկածի առնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն առավելապես հայերով է բնակեցված եղել», - հավելել է Ռենե Ռուկեն: