Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պետք է ներկայացված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում անցկացվող բանակցություններին: Այս մասին ապրիլի 19-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միջազգային հանրության անունից զգալի պատասխանատվություն են կրում երկարատեւ խաղաղության հաստատման համար դիվանագիտական բանակցությունների վերականգման հարցում: «Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Մինսկի խմբի բանակցությունները բաց լինեն հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության համար: Իսկապես խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող ոչ ոք չի կարող հերքել ղարաբաղյան ժողովրդին ներկայացնող այդ երկրի լեգիտիմությունը»,- ընդգծել է նա:
Ֆրանսիացի պատգամավորի խոսքով, ժամանակն է պահանջել, որպեսզի Ադրբեջանի առաջնորդները կատարեն ստանձնած պարտավորությունները: «Անհրաժեշտ է նրանց հասկացնել, որ ամեն ինչ կկորցնեն, եթե շարունակեն հրաժարվել բանակցություններից: Մենք պետք է համառ լինենք խաղաղության հաստատման գործում»,- հավելել է Ֆրանսուա Ռոշբլուանը:




























