Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես եւ ՕԵԿ խմբակցությունները երկրի իշխանություններին մեղադրել են նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուսը ձախողելու մեջ։ Խմբակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության կողմից միասնականորեն առաջ քաշած խնդիրների լուծումը, որոնք միջազգային հանրության կողմից, ինչպես նաեւ դիտորդական կազմակերպությունների (մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցներում բազմիցս նշվել են, որպես  ընտրական համակարգի արատներ, ըստ էության, մերժվեց իշխանությունների կողմից:

«Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով ձեւավորված 4+4+4 ձեւաչափի բանակցություններն ավարտվեցին:

Մենք՝ բանակցային ձեւաչափի մասնակիցներս, հայտարարում ենք.

-Իշխանության ջանքերով չկայացավ երկրի ու հասարակության համար այդքան անհրաժեշտ կոնսենսուսը` ընտրական գործընթացը ազատ, արդար ու թափանցիկ դարձնելու, ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար: Ուստի լայն կոնսենսուսի բացակայությամբ ընդունվելիք Ընտրական օրենսգիրքն ավելի է խորացնելու իշխանության եւ ժողովրդի միջեւ առկա անջրպետը:

-Ընտրական արատավոր ավանդույթները շարունակվում են: Սրա վառ ապացույցն են ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրությունները: Առավել ակնառու կերպով դրանք դրսեւորվեցին Հրազդանի եւ Թալինի քաղաքապետերի ընտրություններում:

-Մենք շարունակելու ենք Ընտրական օրենսգրքի նախագծի արմատական բարեփոխմանն ուղղված մեր ջանքերը` դա դիտելով Հայաստանի ժողովրդավարացման, ներքին կայունության ապահովման կարեւորագույն միջոց:

Իշխանությունները պետք է գիտակցեն, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հանրային վստահության պայմաններում: Իսկ դրան հասնելու լավագույն ճանապարհը ներքին կյանքում եւ մասնավորապես ընտրական համակարգում արմատական բարեփոխումներն են եւ ընտրակեղծարարության համակարգի իսպառ կազմալուծումը»,- ասված է հայտարարության մեջ։