Բրիտանական Spectator-ի հոդվածագիր Դուգլաս Մյուրեյն Էրդողանի մասին հայհոյախառն բանաստեղծությունների մրցույթ է հայտարարել: Գլխավոր պահանջը հետեւյալն է. որքան ավելի շատ անպարկեշտ բառապաշար, այնքան լավ: Այս կերպ Մյուրեյը ցանկանում է բողոք հայտնել խոսքի ազատության սահմանափակումների դեմ: Նա տարակուսում է. քիչ է, որ Էրդողանը դա անում է Թուրքիայում, նրան երկրորդում է նաեւ Մերկելը Գերմանիայում: Հոդվածում ասվում է.

«Զարմանալի չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրպարտության մասին նոր օրենք է ընդունել՝ իրեն քննադատությունից պաշտպանելու համար: Բայց մենք նաեւ հստակ հասկանում ենք, որ այդ օրենքները չեն գործի Եվրոպայում: Համենայն դեպս՝ քանի դեռ Դեւիդ Քեմերոնը չի հասել Թուրքիային ԵՄ-ի կազմում ներառելու շուրջ իր վաղեմի երազանքին: Եվ, ամեն դեպքում, Էրդողանի օրենքներն արդեն գործում են Եվրոպայում:

Մարտի վերջին հեռուստաալիքներից մեկի երեկոյան երգիծական շոուում գերմանացի երիտասարդ երգիծաբան Յան Բյոմերմանն Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն կարդաց: Այնուհետեւ իրադարձությունները մեծ թափով զարգացան: Թուրքերը Գերմանիայում բողոքեցին: Մի քանի օր անց հաղորդումը հանեցին եթերից եւ ամբողջությամբ փակեցին: Բյոմերմանն էլ հայտնվեց ոստիկանությունում:

Սակայն վատագույն հարվածը հասցվեց անցյալ շաբաթ, երբ Անգելա Մերկելը Բյոմերմանի նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրելու թույլտվություն տվեց: Նա փորձում է ցույց տալ, որ օտարերկրյա քաղաքական գործչին Գերմանիայում ծաղրելու համար գերմանացի երգիծաբանին դատապարտելը խոսքի ազատություն է:

«Ամեն ինչ դատարանը կորոշի, հասկանալի չէ՞»,- նշեց նա: Բայց հարկավոր է հասկանալ մեկ այլ բան. այն, որ այդպիսի դատավարությունը հնարավոր դարձավ, ցույց է տալիս, որ Գերմանիան վերածվում է էրդողանական սատրապությունից փոքր-ինչ լավ պետության:

Ես ազատ բրիտանացի եմ, եւ մենք չենք ապրում այդպիսի օրենքներով: Այդ պատճառով հանգստյան օրերին ես կոպիտ սատիրաներ եմ հորինել պարոն Էրդողանի հասցեին: Հիմա բոլոր ընթերցողներին առաջարկում եմ միանալ ինձ Էրդողանի դեմ բանաստեղծությունների մրցույթում:

Մրցույթի հովանավոր չեմ գտել: Այդ պատճառով պարգեւներ չեն լինի, բացի, հավանաբար, մեր ազատությունից:

Ցանկանում եմ ընդգծել. մրցույթի նպատակն Էրդողանի մասին հնարավորինս կեղտոտ եւ վիրավորական արտահայտվելն է: Խնդրում են հայտերն ուղարկել [email protected] հասցեով: Հաղթողի անունը կհայտարարվի հունիսի 23-ին:

Թարմացում. Առատաձեռն ընթերցողը, որը կիսում է խոսքի ազատության շուրջ իմ հավատքը, լավագույն ստեղծագործության համար 1.000 ֆունտ է առաջարկում: Մենք արդեն հրաշալի ստեղծագործություններ ենք ստացել: Շարունակեք նույն ոգով»: