Հայտնի է դարձել, թե ով է ԲՀԿ-ից դառնալու Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, դա ԲՀԿ շարքերը նոր համալրած, գործարար պատգամավոր Սամվել Բալասանյանն է: Նա այդ պաշտոնում փոխարինելու է Արեւիկ Պետրոսյանին, ով վերջերս է հրաժարվել ԱԺ փոխնախագահի պաշտոնից:
«ԲՀԿ-ն քիչ առաջ պաշտոնապես հայտարարել է, որ ԱԺ փոխնախագահի համար առաջադրում է Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Համոզված ենք, որ նա արժանի թեկնածու է եւ կատարելու է Կանոնակարգ-օրենքով նախատեսված բոլոր պարտականությունները»,- ասաց Ա. Սաֆարյանը:
Հարցին, թե ի՞նչն է հիմք տալիս կարծելու, որ նա արժանիորեն կկատարի իր վրա դրված պատրավորությունները, Սաֆարյանն արձագանքեց. «Փոխադարձ վստահությունը»:
Հիշեցնենք, որ կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն, այդ պաշտոնը հատկացվել է ԲՀԿ-ին, ու թեեւ ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընտրովի է, սակայն, ում առաջարկի ԲՀԿ-ն, հենց նա էլ կզբաղեցնի այդ պաշտոնը:
Նշենք նաեւ, որ Սամվել Բալասանյանը նախկին ՕԵԿ-ական է, ով հայտարարել էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրված, սակայն երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, նա լքեց ՕԵԿ-ը, իսկ հետո էլ անդամագրվեց ԲՀԿ-ին:





























