Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տվել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոխհամաձայնություն ապահովել։

«Մենք կոչ ենք անում, որ Հայաստանի կառավարությունը փոխհամաձայնության գա , սակայն դա նաեւ ընդդիմությունից է կախված»,- ասել է Յագլանդը ԵԽԽՎ-ում՝ պատասխանելով հայ պատվիրակ Լեւոն Զուրաբյանի հարցին:

«Մենք ասել ենք, որ մենք երկու կողմերից էլ ակնկալում ենք, որ նրանք՝  թե՛ մեծամասնությանը, թե՛ ընդդիմությանը իշխանության համար ազնիվ մրցապայքարի հնարավորություն տալու ճանապարհ գտնեն: Մեր սկզբունքային դիրքորոշումը միշտ էլ դա է եղել, որ հիմնական օրենքները, ինչպիսիք են սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը պետք է հիմնված լինեն փոխհամաձայնության վրա, որը ներառում է բոլոր կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը»,- հավելել է նա: