Եվրասիական միությանն անդամակցելով՝ Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է Ռուսաստան պանրի արտահանման ծավալները: Այս մասին են վկայում Հայաստանի ՊԵԿ-ի հրապարակած արտաքին առեւտրի վիճակագրական տվյալները:
Եթե 2014 թվականին շուրջ 4.5 մլն դոլարի 1.5 հազար տոննա պանիր է արտահանվել, ապա 2015-ին՝ 9.1 հազար տոննա՝ շուրջ 23.6 մլն դոլարի:
Նշենք, որ մինչեւ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանը զգալի աշխատանք է կատարել սանիտարական նորմերի համապատասխանեցման ուղղությամբ, այդ թվում՝ պարենամթերքի: Այդ աշխատանքները շարունակվել են նաեւ 2015 թվականին:
Հայ պանրագործների վստահեցմամբ, Ռուսաստանում իրենց արտադրանքի հիմնական սպառողները շարունակում են մնալ ռուսաստանաբնակ հայերը: Աղի պանիրները, որոնք հիմնականում արտադրվում են Հայաստանում, մյուս ռուսաստանցիների շրջանում մեծ տարածում չեն վայելում:
Չնայած ռուսական սպառողական շուկայում տիրող բարդ իրադրությանը՝ հայ արտադրողները ստիպված չեն եղել շատ իջեցնել գները. եթե 2014 թվականին արտահանման միջին գինը 3.17 դոլար էր՝ 1 կիլոգրամի համար, ապա 2015-ին՝ 2.59 դոլար:




























