Օսլոյի Շրջանային դատարանը վճռել է, որ դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի իրավունքները բանտում ոտնահարվել են: Այս մասին նշված է Նորվեգիայի դեմ Բրեյվիկի ներկայացրած հայցով դատավճռում:
Դատարանն արդարացի է ճանաչել մարդասպանի հայտարարություններն այն մասին, որ իր նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, ըստ որի՝ արգելվում են խոշտանգումներն ու արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքը: Միաժամանակ, համոզիչ չեն ճանաչվել պնդումներն այն մասին, որ խստորեն սահմանափակելով Բրեյվիկի նամակագրություը՝ նորվեգական իշխանությունները խախտել են նաեւ Կոնվենցիայի 8-րդ հոդված, որը երաշխավորում է մարդու անձնական կյանքի հարգման իրավունքը:
Ըստ ՏԱՍՍ-ի, դատարանի որոշմամբ, պետությունը ստիպված է վճարել հայցվորի դատական ծախսերը, որոնք կազմում են 331 հազար կրոն (41 հազար դոլար):
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին աջ ծայրահեղական գաղափարախոսության հետեւորդ Անդերս Բրեյվիկը հզոր պայթուցիկ էր գործի դրել Օսլոյի կենտրոնում գտնվող կառավարական շենքերից մեկի հարեւանությամբ, ինչի հետեւանքով 8 մարդ էր զոհվել, մի քանի հարյուրը՝ վիրավորվել:




























