Ռուս գրող Վլադիմիր Բուկովսկին, որին մեղադրում են մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու եւ պահելու մեջ, հացադուլ է հայտարարել: Այս մասին այլախոհը գրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի իր բլոգում:
Իրեն առաջադրված մեղադրանքները Բուկովսկին «զրպարտության, վարկաբեկման եւ հետապնդման» արշավ է կոչել:
«Խորհրդային ոճով վարկաբեկելու այդ կոպիտ արշավը դադարեցնելու փորձով եւ Բրիտանիայի համար ավանդական արդարադատության հույսով ես դիմել եմ Լոնդոնի Բարձրագույն դատարանին՝ իմ անունն ու հեղինակությունն այդ զրպարտանքից պաշտպանելու համար: Ցավոք, ինչպես մի շարք այլ ավանդույթներ, այս ավանդույթը նույնպես Բրիտանիայում այլեւս գոյություն չունի: Արդեն ութ ամիս Բարձրագույն դատարանը ձգձգում է գործի քննությունը»,- հայտարարել է Բուկովսկին:
Ըստ ՌԲԿ-ի, Բուկովսկիին մեղադրանք է առաջադրվել անցյալ տարվա ապրիլին: Մեղադրանքի հիմքում Քեմբրիջշիրի ոստիկանության անցկացրած հետաքննության արդյունքներն են: Գրողին կասկածում են մանկական պոռնոգրաֆիա պատրաստելու եւ պահելու մեջ:





























