Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփը համարում է, որ ԱՄՆ-ում ընտրական համակարգը այնքան արատավոր է, որ ինքը ցանկության դեպքում պարզապես կարող էր «գնել» ընտրությունները: Այս մասին միլիարդատերը  հայտարարել է ապրիլի 20-ի երեկոյան Ինդիանապոլիսում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում ABC հեռուստաալիքը: 
«Ես կարող էի գնել ընտրությունները ու ոչ մեկ անգամ,- վստահեցրել է Թրամփը,- հավատացեք ինձ: Կարծում եմ՝  սա շատ վատ համակարգ է: Իրոք անազնիվ համակարգ է»: 
Միլիարդատերը ներկայացրել է այն հնարքների օրինակները, որոնցից նրա խոսքով նախընտրական քարոզչության ժամանակ օգտվում են որոշ թեկնածուներ, որպեսզի ստանան պատվիրակների աջակցությունը կուսակցությունների ազգային համագումարներում,  որտեղ առաջադրվում են նախագահների պաշտոնական թեկնածուները: «Նրանք կարող են պատվիրակներին օդանավ նստացնել ու ուղարկել հանգստավայրեր, նրանց համար ընթրիքներ կազմակերպել: Նրանց համար հյուրանոցներում համարներ պատվիրել: Ի վերջո այս ամենը խոսում է այն մասին, որ նրանք կարող են գնել ընտրությունները»,- ասել է Թրամփը: 
Ընդ որում միլիարդատերը նաեւ շեշտել է, որ եթե լիներ նման խաղ «գնի՛ր ընտրությունները», ապա ինքն անկասկած կհաղթեր այդ խաղում: