Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ԻԼԻՊ-ի զինյալների կողմից եզդիների, քրիստոնյաների եւ էթնիկ ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկում է անցկացրել:
Համայնքների պալատը միաձայն կողմ է քվեարկել եզդիներին եւ քրիստոնյաներին ցեղասպանության զոհ ճանաչելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու մասին հարցին:
Քննարկումների ժամանակ պատգամավորներ Սթիվեվն Թվիգն ու Սթիվեն Փաունդը հիշեցրել են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին:
«Այդ տարածաշրջանի պատմությանը նետված մեկ հայացքը մեզ կստիպի մի քանի դասեր քաղել: Մեկ դար առաջ հայերն ու ասորիները ցեղասպանության ենթարկվեցին: Միանգամայն համաձայն եմ, որ եզդիների, քրիստոնյաների եւ այլ փոքրամասնությունների հանդեպ ԻԼԻՊ-ի քաղաքականությունը ցեղասպանություն է»,- հայտարարել է Թվիգը:
Պատգամավոր Փաունդն իր հերթին հիշեցրել է, որ Համայնքների պալատում մի շարք բանավեճեր է կազմակերպել 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեմայով:
«Ես դա ցեղասպանություն եմ կոչում, բայց հասկանում եմ, թե ինչու է Համայնքների պալատը նախընտրում գրեթե 2 մլն հայերի սպանությունները ցեղասպանություն չկոչել, քանի որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1948 թվականից առաջ, երբ այդ եզրույթը չէր կիրառվում: Բայց մենք գիտենք, որ դա ցեղասպանություն է եղել: Դա ժխտելը կրկնակի խտրականություն է, կրկնակի մահ: Ամեն ինչ իր անունով կոչենք. դա ցեղասպանություն է, եւ չի կարելի է ԻԼԻՊ-ին թույլ տալ հաղթել»,- հայտարարել է նա:





























