ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուտինին է դիմել` խնդրելով ճնշում գործադրել սիրիական իշխանությունների վրա հրադադարի պահպանման հարցով: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Էր-Ռիյադում ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների խորհրդի գագաթնաժողովի   (ՊԾԱՊԽԳ) ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես նախագահ Պուտինին կոչ եմ արել ճնշում գործադրել Ասադի վրա», - Օբամայի խոսքերն է մեջբերում արբանյակային «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Երկուշաբթի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակը` հաստատելով այդ երկրում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված հրադադարի ռեժիմը պահպանելու, ինչպես նաեւ համապատասխան շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու հարցում գործակցության տրամադրվածությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: