Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի Clark Magnet ավագ դպրոցի հայ աշակերտները բողոքում են, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված լուռ ակցիայից հետո իրենց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել:

Ավագ դպրոցի հայ աշակերտներն ապրիլի 21-ին կազմակերպել էին Ցեղասպանության հիշատակին նվիրված լուռ ակցիա՝ ցույց տալու համար, որ երիտասարդ սերունդը շարունակելու է պայքարել այս կարեւորագույն հարցի ճանաչման համար: Ակցիայի ժամանակ աշակերտները կրել են «Մեր վերքերը դեռ բաց են» եւ «1915. Երբեք չի կրկնվի» գրությամբ  շապիկներ:

«Այնուամենայնիվ, մեզնից շատերի համար պարզապես շոկ էր, որ դպրոցի ղեկավարությունը հայտարարեց, թե խախտել ենք դրես-կոդը եւ մեր նկատմամբ պատժամիջոց կիրառեց՝ զրկելով լանչից: Մեր կարծիքով, սակայն, դպրոցի ղեկավարության այս որոշումն անհրաժեշտ չէր: Նրանք պետք է հասկանային, որ իրենց գործողություններով վիրավորում են շատ աշակերտների եւ չեն խրախուսում նրանց ազատ արտահայտվելու իրավունքը: Մենք հարգում ենք դպրոցի ղեկավարությանը, սակայն նրանք կարծես թե չեն հարգում մեր Սահմանադրական իրավունքը»,- իրենց բաց նամակում ասել են հայ աշակերտները:

Հայերի խոսքով՝ նմանատիպ ակցիաներն իրականացվում են տարին մեկ անգամ, հետեւաբար, իրենց պատժելն անհիմն է:

«Բացի սրանից, այսօր դասախոսներից մեկը մեր ակցիան անվանեց «արհամարհանք Ամերիկայի նկատմամբ» եւ ընդգծեց, որ մենք «անհարգալից վերաբերմունք» ենք ցուցաբերել Ամերիկայի նկատմամբ: Մենք կարծում ենք, որ այս դասախոսի հայտարարությունն էթիկապես սխալ է: Այդ դասախոսն աշխատում է մի դպրոցում, որտեղ աշակերտների 50 տոկոսից ավելին հայկական ծագում ունեն: Մենք վիրավորված ենք եւ հույս ունենք, որ նա ներողություն կխնդրի»,- ասել են աշակերտները՝ ընդգծելով, որ 21-րդ դարն է եւ ժամանակն է ընդունելու եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: