Հյուսիայի Կորեայի արտգործնախարար Լի Սու Յոնը հայտարարել է, թե ԱՄՆ-ը իրենց պետության նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում, որը հակասում է միջազգային նորմերին եւ ՄԱԿ Կանոնադրությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ՝ մեզ անարդարացիորեն մեղադրելով աշխարհին սպառնալու եւ մարդկության անվտանգության դեմ սադրանքներ կազմակերպելու մեջ։ Դա ինքնըստինքյան անամոթաբար ոտնահարում է միջազգային նորմերն եւ ՄԱԿ Կանոնադրությունը եւ բացահայտ մարտահրավեր է կայուն զարգացման նպատակներին»,- ասել է նա։
Լի Սու Յոնը նաեւ նշել է, որ Կորեական թերակղզում հիմա ավելի քան 300 հազար զինծառայողների մասնակցությամբ աննախադեպ միջուկային զորավարժություններ են ընթանում, որոնցում մոբիլիզացվել են ԱՄՆ միջուկային ուժերը։ Նախարարի խոսքով՝ Հյուսիսային Կորեան փորձել է ԱՄՆ-ից եկող սպառնալիքը չեզոքացնել երկխոսության եւ միջազգային նորմերի ճանապարհով, սակայն անարդյունք։




























