Համապոնտական դաշնությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին, ապրիլի 21-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հունաստանի համապոնտական դաշնության ղեկավար Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսը:
ԼՂՀ Ազգային ժողովից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարեւորել է հայ եւ հույն ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը, նշելով, որ միեւնույն պատմական ընդհանուր անցյալը եւ մշակույթային հարուստ ավանդույթները բարենպաստ պայմաններ են ստեղծում ապագա համատեղ ծրագրերի իրականացման համար:
Աշոտ Ղուլյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների նկարագիրը եւ անդրադարձել դրանց հետեւանքներին:
Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հունաստանի Համապոնտական դաշնության նախագահ Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսը ընգծել է, որ Համապոնտական դաշնությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղին եւ հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի միմիայն խաղաղ ճանապարհով:
Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարանի ղեկավարն այն որակել է որպես հեռանկարային փոխգործակցության սկիզբ:
Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:




























