Ապրիլի 22–ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական եւ անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան ձեւաչափով տեղի ունեցավ ՀՀ Պլանավորման եւ վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը:

ՀՀ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքը,   Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ լսարանի ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ  սանձազերծած ագրեսիայի փաստի վրա:

Կոմիտեի նախագահն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման Հայաստանի հանձնառությունը, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ու պաշտպանական բարեփոխումների առաջընթացը, պատրաստակամություն հայտնել շարունակելու հետագա աջակցությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների առթիվ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քննարկումների հիման վրա որոշում կայացվեց 2016թ. ՀՀ Պլանավորման եւ Վերանայման Գործընթացի  Գործընկերության Նպատակների փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի  անդամ երկրների հաստատմանը: