Մարդու իրավունքների ոտնահարումները մի քանի գործոնների հետեւանք են։ Այս մասին ապրիլի 23-ին՝ Երեւանում Aurora Dialogues քննարկման բացման ժամանակ, ասել է  ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ իրավապաշտպանների հարցերով օգնական Հինա Ջիլիանին։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը, ընդհանուր շահ փնտրելու փոխարեն, որը մարդկանց դեպի բարեկեցության կտաներ, էթնիկ եւ կրոնական խմբավորումների միջեւ մրցակցության միջավայր է ստեղծում։

«Այդ գործոններից շատերը պետությունը դիտմամբ խստացնում է, այլ դեպքերում պետությունն անտեսում է իր պատասխանատվության բաժինը եւ դրանով հակամարտության համար միջավայր է ստեղծում։ Մենք դա տեսնում ենք ողջ աշխարհում»,- նշել է Հինա Ջիլիանին։

Նրա խոսքով՝ անհնար է պաշտպանել մարդու իրավունքները, քանի դեռ մենք չենք հասկացել ոչ միայն ազգային քաղաքական մթնոլորտը, այլ նաեւ գլոբալ քաղաքական միջավայրը, քանի որ դա գլոբալ աշխարհ է, դուր գալիս է դա մեզ, թե ոչ։ «Երբ մենք կիսում ենք մեր ընդհանուր շահերը, փորձում ենք ընկալել մեր կարիքները։ Հիմա մենք ավելի ու ավելի հազվադեպ ենք ականատես լինում դրան»,- ասել է նա։

Խոսելով աշխարհում աղքատության նկատմամաբ վերաբերմունքի մասին՝ նա նշեց, որ շատերը կարծում են, թե աղքատությունը շատ ճգնաժամերի պատճառով է լինում։ «Ես մի քիչ համաձայն չեմ։ Դա ոչ թե աղքատությունն է, այլ խնդրի լուծման անհաջողությունը։ Երբ մենք խոսում ենք աղքատության արմատախիլ անելու մասին, դա ինձ մոտ անհարմարավետության զգացում է առաջ բերում։ Ի՞նչ ենք մենք անում աղքատներին օգնելու համար։ Եթե մենք կենտրոնանայինք անմիջական օգնության վրա, ես ավելի գոհ կլինեի։ Այդ մարդիկ խնդիր չեն, դրանք մարդիկ են, որոնք տառապում են, եւ դա նրանց մեղքը չէ, այլ նրանց միջավայրում խնդիրների հետեւանքը։ Անհրաժեշտ է կենտրոնանալ մարդկանց վրա։ Սակայն այդ մարդիկ հաճախ ծրագրերի եւ շահ կորզելու առարկա են։ Դրանք իրական մարդիկ են, որոնք մեր հոգածության կարիքն ունեն»,- եզրափակել է Հինա Ջիլիանին։