Իրաքում «Իսլամական պետությունը» կիրառում է նույն մեթոդները, ինչ օգտագործվում էին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues-ի քննարկումների ժամանակ նշել է Հոլոքոստի ուսումնասիրության Լեւինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, ԱՄՆ Հոլոքոստի թանգարան-ինստիտուտը ներկայացնող դոկտոր Սթիվեն Լաքերթը՝ հավելելով. «Ցավոք, փախստականների զանգվածային տեղահանման խնդիրը ողջ աշխարհում է առկա. Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեաներին, դրանից առաջ հայերի ու այլ քրիստոնյաների զանգվածային տեղահանությունների հարցը մինչ այժմ էլ չի լուծվել»:

Նրա խոսքով, «Իսլամական պետության» գործողությունները նման են Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցածին: Իրաքում ԻՊ-ի գործողությունների ուսումնասիրության ժամանակ ինքը գտել է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերը հիշեցնող իրավիճակներ:

«ԻՊ-ը կիրառում է նույն մեթոդները, ինչ օգտագործվում էին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ: Իրաքի իշխանությունները պետք է կանխեն ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունները»,-ասել է Լաքերթը՝ հավելելով, որ շատ կարեւոր է, որ այդ ճգնաժամի մասին տեղեկատվությունը հասնի հասարակության լայն շրջանակներին:

«Երբ Հիտլերը եկավ իշխանության, փախստականների լրջագույն խնդիր առաջացրեց, արդեն 1939-ին 4 մլն փախստականներ կային: Իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ 50 հազար հանրապետականներ տեղափոխվեցին Ֆրանսիա: ԽՍՀՄ-ում զանգվածային տեղահանումներ էին իրականացվում կուլակաթափության նպատակներով: Սա մարտահրավեր է, եւ պետք է պարզել, թե ինչպես պայքարել դրա դեմ: Այդ խնդիրը այս պահին էլ կանգնած է մեր առջեւ»,-ասաց նա:

Սթիվեն Լաքերթի խոսքով, այն ժամանակ չկար միջազգային փախստականների հարցերով զբաղվող կազմակերպություն: «Կար մեծ ծավալի կարեկցանք, բայց դա խնդիրը չէր լուծում, որովհետեւ կար գործողությունների պակաս: Հիմա էլ շատ հարցեր բաց են մնում»,-ընդգծեց նա: