Թուրքերը պետք է ազատվեն ամոթի զգացումից ու ընդունեն իրենց պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար: Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է թուրք իրավապաշտպան ու գիտնական Սաիթ Չեթինօղլուն, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ:

Իր ելույթի սկզբում նա ցույց տվեց թուրք Քաբաշ Ալիի լուսանկարը՝ կացինը ձեռքին, որն իրավապաշտպանի խոսքով կազմակերպել էր հայերի կոտորածները Ամասիայում: «Նրանք, ովքեր կողոպուտի հաշվին են ապահովել իրենց բարեկեցիկ կյանքը, հասել են մինչեւ 2016 թվական: Դրա համար էլ անհրաժեշտ է խոսել Ցեղասպանության մասին»,- շեշտել է Չեթինօղլուն: Թուրքիայում, հիշեցրել է նա, արդեն 2.5 տարի բանտում է մի հայ՝ բազմակողմանի զարգացած անձնաավորություն Սեւան Նշանյանը, նրան 25 տարվա ազատազրկում է սպառնում ապօրինի շինարարության համար: «Երբ Սեւանի նման վառ անհատականություն է հայտնվում, որը քննադատում է Թուրքիային ու իսլամական օրենքը, նրա գորոծղություններին անհամաչափ պատասխան է տրվում: Հայոց ցեղաասպանության ճանաչման ճանապարհին հիմնական խոչընդոտը հենց դա է: Յուրաքանչյուր թուրք պետք է իրեն հարցնի՝ ի՞նչ է արել իր պապը 1915-ին: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ներողություն խնդրի ու կառուցի «Այլրեւս երբեք»հուշարձանը»,- ասել է Սաիթ Չեթինօղլուն: Նրա համոզմամբ, անհրաժեշտ է մի շարք թուրք գործիչների անունները ջնջել Թուրքիայի փողոցների ու շենքերի վրայից: «Նաեւ հայերից ու հույներից բռնազավթված ու Աթաթուրքի անունով կոչված շենքերը վերադարձնել նրանց սերունդներին: Մտավորականները պետք է այս հարցում ավանգարդ դառնան: Պետք է բացեն արխիվները ու գրանցամատյանները, պետք է բնակության ու բիզնես վարելու իրավունքներ տրամադրեն, միայն դրանից հետո է պետք սկսել փոխհատուցման գործընթացը»,- ամփոփել է թուրք իրավապաշտպանը: