Կանանց առանձնահատուկ դեր է հատկացված հակամարտությունների կարգավորման, աղքատության վերացման, ահաբեկչության դեմ պայքարի գործերում: Այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգը Երեւանում Aurora Dialogue քննարկումների ժամանակ:
«Կինը ամենակարեւոր քայլն է արել մարդկության կյանքում ու հետո նրան են մեղադրել բոլոր հետեւանքների համար»,- կատակել է նա:
Նրա խոսքով, կանանց հետ խորհրդակցությունները հիմա դարձել են բոլոր ընթացակարգերի բնականոն մասը: Բայց մի բան է խորհուրդ տալը, մեկ այլ բան է որոշում կայացնելը, նկատել է Նենսի Սոդերբերգը: Նրա խոսքով խաղաղությանն ուղղված որոշումների կայացման գործընթացից կանանց հեռացնելով՝ միայն ավելի ենք հեռացնում խաղաղությունը:
Նենսի Սոդերբերգի տվյալներով՝ կանանց միայն 2 տոկոսն է ներգրավված որոշումների կայացման գործընթացում, աշխարհի հիմնադրամների միայն 15 տոկոսն է օգտագործվում կանանց իրավունքների պաշտպանության համար: Խորհրդարաններում կանայք առաջվա պես փոքրամասնություն են: Այս խնդիրը նույնիսկ ԱՄՆ –ին չի շրջանցել՝ Կոնգրեսում միայն 17 տոկոսն են կանայք, իսկ բիզնեսում ՝ էլ ավելի քիչ են:Աշխարհի խորհրդարանների միայն 21 տոկոսում կանայք կան »,- նկատել է նա:
Նրա խոսքով, կանանց նկատմամբ բռնությունը գլոբալ համաճարակ է: «Կանանց համար բուժօգնությունն ավելի անհասանելի է: Կանայք միշտ եկրորդ ջութակն են նվագում, իսկ իրականում նրանց առհասարակ չեն թողնում նվագախումբ մտնել: Սակայն կառավարություններում որքան շատ կին կա, այդքան ավելի արդյունավետ են դրանք աշխատում: Որքան շատ են նրանք բիզնեսում, այդքան ավելի լավ է զարգանում տնտեսությունը: Կանանց մասնակցությունը նպաստում է խաղաղությանն ու զարգացմանը: Չենք ուզում ասել, թե կանայք ավելի լավն են, բայց խտրականությունը անթույլատրելի է: Այն երկրներում, որտեղ կանայք կրթություն են ստանում, երեխաներն էլ են ավելի կրթված»:
Նրա խոսքով հենց կանայք են նաեւ կարեւորագույն դեր կատարում հակամարտությունների լուծման գործում: Առանց կանանց մասնակցության հակամարտությունները հակված են վերսկսվելու:
«Ինչպես Քենեդին էր ասում ՝ քանի որ տղամարդիկ են մեղավոր աշխարհի խնդիրների համար,ուրեմն հենց նրանք էլ պետք է լուծեն դրանք: Իսկ ես ասում եմ, որ կանայք պետք է մասնակցեն այդ լուծումներին»,- նշել է նա ՝ հավելելով , որ կանանց մասնակցությունը կարելի է ապահովել ՝ ներգրավելով նրանց անմիջական աշխատանքներում ՝ բիզնեսում, դիվանագիտության մեջ եւ այլն: Որպես օրինակ նա նշել է, որ վատ չէր լինի, եթե ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը կին լիներ»:





























