ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ լրագրողներին ասել է «Իբուկա» կազմակերպության հիմնադիր, Ռուանդայի ցեղասպանությունից փրկված Կաբանդա Ալոյսը:
«Իմ ընկերների հետ ես ստեղծել եմ «Իբուկա» կազմակերպությունը, որի նպատակաը հենց ցեղասպանությունների հիշատակումն է, եւ դրա միջոցով ես հիմա շարունակում եմ իմ պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ։ Ես կարծում եմ, որ անարդար է, որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվումի ՄԱԿ անդամ երկրների կողմից»,- ասել է նա՝ որպես ցեղասպանություն վերապրած անձ գնահատական տալով նմանօրինակ հանցագործություններին
Ալոյսը նաեւ պատմել է իր պատմությունը՝ նշելով, որ ինքը փրկվել է, քանի որ գտնվել է Բելգիայում եւ այժմ էլ ապրում է այնտեղ:
«Ռուանդայի ցեղասպանությունը 20-ր դարի երրորդ ցեղասպանությունն է համարվում՝ Հայոց ցեղասպանությունից եւ Հոլոքոստից հետո։ Ռուանդայում 100 օրվա ընթացքում 1 մլն 150 հազար մարդու սպանեցին։ Իմ ընտանիքի 25 անդամներին սպանեցին, իսկ ես փրկվեցի միայն այն բանի շնորհիվ, որ այդ ժամանակ սովորում էի Բելգիայում»,- պատմել է նա:





























