Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել ոչ միայն բանակցային գործընթացի միջոցով. միջազգային հանրությունը կարող է պարզապես ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին ապրիլի 23-ին՝ Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն դեմ է ազատագրված տարածքները հանձնելուն։ «Եթե այդ մասին խոսեին 1988-1990թթ., հայկական կողմերը միգուցե համաձայնեին, սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսեց, տարածքներ հանձնելը կարող է նշանակել, որ մենք Բաքվին փոխհատուցում ենք նրա իսկ նախաձեռնած ագրեսիայի հետեւանքով իր կրած կորուստները»,- ընդգծել է Մանոյանը։

Նրա համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել ոչ միայն բանակցային ճանապարհով, այլ նաեւ այլ միջոցներով։ «Միջազգային հանրությունը կարող է պարզապես ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Եթե կողմերից մեկը մշտապես մերժում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը, միջազգային հանրությունը կարող է հայտարարել. չեք ուզում, չեք ուզում, մենք կճանաչենք ԼՂՀ-ն»,- ասել է Մանոյանը։