Ես կպնդեմ, որ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին ապրիլի  23-ին հայտնել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ելույթ ունենալով  «Ցեղասպանության հանցագործության դեմ» II Գլոբալ ֆորումին: 

Նրա խոսքով, դժվար չէ հասկանալ, թե ապրիլի սկզբին ով  սկսեց պատերազմը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում: «Հեշտ է որոշել, թե ով է ագրեսորը, որը չէր ուզում տարածք զիջել անկախ ժողովրդին: Ես կպայքարեմ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին, որովհետեւ պարզ տարբերություն կա: Այսօր Ստեփանակերտում գոյություն ունի քննադատական տեսակետ, իսկ Բաքվում, եթե որեւէ մեկը  քննադատական տեսակետ է արտահայտում, նրան բանտ են նստեցնում: Դա է Ստեփանակերտի եւ Բաքվի տարբերությունը, որովհետեւ Ղարաբաղը պիտի շարունակի ապրել», - ընդգծել է  Էնգելը: Եթե միջազգային հանրությունը, շարունակել է նա, չաջակցի Լեռնային Ղարաբաղին, դրանով կնպաստի մեկ այլ ցեղասպանության:  «Եթե Լեռնային Ղարաբաղը երբեւէ վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ, այնտեղ ոչ մի հայ չի մնա: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դա երբեք տեղի չունենա», - ամփոփել է Եվրախորհրդարանի պատգամավորը: