Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինն օրերս հաստատել է «Թուրքիայի պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը հիշատակելու» մասին նախագիծը, որում նշվում է, որ իրենք հավատարիմ են «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսին:
Նախագիծը օերսդիր մարմնում ներկայացրել են ընդդիմադիր Frente para la Victoria կուսակցության պատգամավորներ Խոսե Կամպանյոլին եւ Խավիեր Անդրադեն, որին որպես համահեղինակներ միացել են Անդրեա Կոնդեն եւ Պաուլա Պենական, հաղորդում է Prensa Armenia-ն:
Նախագծում նշվում է Ցեղասպանության համար փոխհատուցման պահանջի մասին եւ վկայակոչում Արգենտինայում ընդունված օրենքը, ըստ որի ապրիլի 24-ը հայտարարվել է որպես «հանուն համերաշխության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի գործողությունների օր»:
«Մենք համոզված ենք, որ արդարության հասնելու ճանապարհն անցնում է հիշողության, ճշմարտության եւ փոխհատուցման միջով», - ասել է Կամպանյոլին:
«Այս հայտարարությունը ոչ թե ձեւական ակտ է, այլ քաղաքական ուժերի արտահայտություն, որոնք սերտ հարաբերություններ ունեն հայ համայնքի հետ եւ աջակցում են Հայ դատին իրենց գործողություններով ու հայտարարություններով»,-ասել է Բուենոս Այրեսում Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սապունջյանը:
Նշենք, որ Բուենոս-Այրեսում այսօր՝ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ակցիա է տեղի ունեցել, իսկ ապրիլի 25-ին հայ երիտասարդների մասնակցությամբ հանրահավաք կկայանա «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն եւ հատուցում» եւ «Խաղաղություն Լեռնային Ղարաբաղում ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի» կարգախոսներով:





























