Եզդիների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մահացու հարվածը ցեղասպանության ակնհայտ օրինակ է: Այդ մասին ապրիլի 23-ին հայտնել է եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը, ելույթ ունենալով «Ցեղասպանության հանցագործության դեմ» II Գլոբալ ֆորումին:
Նրա խոսքով, ԻԼԻՊ-ը ավելի քան 6 հազար եզդի կին է առեւանգել` նրանց ստրկուհիներ դարձնելու նպատակով: «Ես նրանց թվում էի, ինձ առեւանգեցին, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակվեցին Սինջարի վրա, որտեղ եզդիների մեծամասնություն էր ապրում: Ավելի քան 1000 եզդի երեխա այժմ մարզվում է ջիհադիստական ճամբարներում, եզդիների 80 տոկոսին տեղափոխել են ահաբեկիչների անմիջական հարձակման հետեւանքով», - ընդգծել է Մուրադը: ԻԼԻՊ-ը,- շարունակել է նա, նաեւ քրիստոնյաների եւ շիաների դեմ պատերազմական հանցագործություններ է կատարել: «Այժմ ես Հայաստանում եմ, որտեղ ցեղասպանությունը միլիոնավոր կյանքերի կորստի է հանգեցրել: Մեկ դար անց ցեղասպանություն է իրականացվում Իրաքի եւ Սիրիայի եզդիների նկատմամբ, ինչը մեզ ստիպում է հիասթափվել մարդկությունից ընդհանրապես», - ամփոփել է Նադյա Մուրադը:





























