«Ցեղասպանության հանցագործության դեմ» II գլոբալ ֆորումը բոլոր պետություններին կոչ է անում առավելագույն ջանքեր գործադրել՝ ցեղասպանությունները կանխելու համար: Այս մասին ասված է ապրիլի 23-ին Երեւանում անցկացված Ֆորումի ամփոփիչ հայտարարությունում:
Փատաթղթում մասնավորապես ասված է.
«Գլոբալ ֆորումը,
Ողջունում է ՀՀ ԱԺ եւ կառավարության նախաձեռնությունը՝ հյուրընկալելու երկրորդ գլոբալ ֆորումը Երեւանում 2016թ. ապրիլի 23-ին,
Ողջունում է նաեւ 2015թ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,
Հարգանքի տուրք է մատուցում եւ երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի եւ ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության եւ գործելով արիությամբ եւ զոհողությունների գնով փրկվեցին բազմաթիվ անմեղ կյանքեր,
Խորը մտահոգություն է արտահայտվում վեջերս Մերձավոր Արեւելքում եւ աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության ու ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների համար եւ առաջացնում է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր՝ ներառելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների եւ տեղահանված անձանց ամենաբարձր թիվը,
Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում եւ չեն կարող դիմագրավել միայնակ՝ առանձին երկրների կողմից, եւ խորապես հավատում է, որ փախստականների աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ,
Կրկին բարձրաձայնում է 2015թ․ ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի արդյունքում ընդունված Երեւանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում,
Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը եւ շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի եւ մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո,
Ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաեւ ցեղասպանության պատճառների եւ հետեւանքների դասավանդման կարեւորությունը եւ անհրաժեշտությունն՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր եւ օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով,
Առաջարկում է հաջորդ գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների, եւ կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս, եւ հավատացած է, որ կրթությունը եւ գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում,
Որոշում է հաջորդ հանդիպումը գումարել 2018թ․ ապրիլին Հայաստանի Հանրապետությունում»։





























