Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը ժամանել են Սիրիայի հետ սահմանակից թուրքական Ղազիանթեպ քաղաք:
Մերկելը Թուրքիա է ժամանել մեկօրյա այցով, որի ընթացքում հանդիպել է այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, այցելել սիրիացի փախստականների ճամբար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով AP գործակալությունը:
Բանակցությունների ընթացքում քննարկվելու է Թուրքիայի հետ Եվրամիության միգրացիոն համաձայնագիրը: Ապրիլի 19-ին Անկարան սպառնացել էր չեղարկել ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը:
Համաձայնագրով Թուրքիան Եվրամիությունից 3 մլրդ եվրո պետք է ստանա՝ միգրանտների կարիքների համար եւ իր տարածք վերադարձնի Հունաստան եւ եվրոպական այլ երկրներ հասած փախստականներին: Փոխարենն Անկարան պահանջում է արդեն 2016 թվականի գարնանը ԵՄ երկրներ իր քաղաքացիների կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի ռեժիմ սահմանել: Բացի այդ, թուրքական իշխանությունները պնդում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերականգնում:





























