Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն Իսպանայում առաջնահերթ դիտարկվող թեմաներից չէ: «Aurora Dialogues»-ի շրջանակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Protection International» կազմակերպության նախագահ Էնրիկե Էգուրենը՝ պատասխանելով հարցին, թե ինչու պաշտոնական Մադրիդը չի շտապում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Աշխարհաքաղաքական եւ մշակութային առումով Իսպանիան հեռու է Հայաստանից եւ ընդհանրապես տարածաշրջանից: Հնարավոր է՝ այդ է պատճառը, որ Հայոց ցեղասպանության հարցն առաջնահերթներից չէ»,- ասաց Էգուրենը:
Նրա խոսքով, այլ պատճառների թվում են այդ թեմայի շուրջ տեղեկացվածության պակասն ու ազգային քաղաքականության ասպեկտները: «Մասնավորապես, Ցեղասպանությունը ճանաչած երկիրը կոնֆլիկտի մեջ է մտնում մյուս կողմի, այս դեպքում՝ Թուրքիայի հետ, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Ֆրանսիայի հետ»,- պարզաբանեց նա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքներին՝ Էգուրենը նշեց. «Տեղական մակարդակով ճանաչման հարցին զգայուն են վերաբերվում, այդ պատճառով էլ տարեցտարի այդպիսի քաղաքների թիվն ավելանում է»:





























