Ֆրանսիայի հասարակությունը սպասում է, թե երբ է նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին խոստումը: Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել  սենատոր, Մեդոնի քաղաքապետ Էրվե Մարսելը:

«Թուրքիան ոչինչ չարեց՝ ճանաչելու համար այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ. ժողովրդի կոտորածը»,- հայտարարել է նա:

Սենատորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան տեղի ունեցավ համընդհանուր անտարբերության արդյունքում: Շուրջ 10 օր առաջ Էրվե Մարսելը եւ ֆրանսիացի մի շարք այլ խորհրդանականներ Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչ են ստորագրել:

«Եթե մենք աչք փակենք եւ անուշադրության մատնենք Ղարաբաղում ագրեսիան, մեղավոր կլինենք անտարբերության մեջ: Մենք այլեւս չենք կարող բավարարվել հռչակագրերով: Մինչեւ հիմա սպասում ենք, թե երբ է նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին 2012 թվականին տված խոստումը»,- հայտարարել է սենատորը:

Մարսելը հիշեցրել է նաեւ Ֆրանսիայի համար զոհված հայերի, այդ թվում՝ Միսակ Մանուշյանի մասին: Այնուհետեւ նա դիմել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանին՝ հավաստելով Ֆրանսիայի պատգամավորների համերաշխության եւ ընկերության մասին: