Ապրիլի 24-ը տխրության եւ պայծառ ապագայի հանդեպ հույսի օր է: Այս մասին ասված է Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռոնա Ամբրոզի հայտարարությունում:
Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Մենք հիշում ենք հայ ժողովրդի տառապանքների ու մարդկային կորուստների մասին:
Կանադայի ե՛ւ Սենատը, ե՛ւ Համայնքների պալատը բանաձեւեր են ընդունել՝ այդ իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչելով: 2006 թվականին Կանադայի կառավարությունը՝ վարչապետ Սթիվեն Հարփերի գլխավորությամբ, նույնպես 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն է ճանաչել:
Այդ օրը հարկավոր է դիմավորել ամենայն լրջությամբ, բայց այն նաեւ պայծառ ապագայի հնարավորություն համարել: Այն հիշեցում է բոլոր կանադացիներին այն մասին, որ մենք պետք է հուսալի գործընկեր լինենք ամբողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների պաշտպանության հարցում:
Վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպես են հայկական եւ թուրքական ծագմամբ կանադացիները կարողանում կողք կողքի աշխատել հանդուրժողականության եւ անկեղծության մթնոլորտում: Ահա թե ինչու ենք Հայաստանին եւ Թուրքիային կոչ անում ճանաչել համընդհանուր արժեքները եւ հաշտեցման ուղիներ որոնել:
Ավելի քան մեկ դար անց, երբ հայերը պատրաստվում են նշել անկախության 25-ամյակը, ես միանում եմ բոլոր կանադացիներին, հատկապես՝ հայկական ծագմամբ, ավելի խաղաղ ապագայի հույսով»:





























