Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը Թուրքիայի մեղադրել է Հայոց ցեղասպանության մասին երաժշտական ներկայացման պատճառով Եվրահանձնաժողովի վրա ճնշում գործադրելու համար: Ֆրանսիական L’Express-ի փոխանցմամբ, նա նշել է, որ թուրքական իշխանությունները փորձել են խանգարել համերգի ընթացքում ցեղասպանություն բառի օգտագործմանը:
«Դա ոտնձգություն է խոսքի ազատության դեմ, փոքրոգություն»,- հայտարարել է Մարկուս Ռինդտը:
Նրա խոսքով, Եվրամիությունում Թուրքիայի դեսպանությունը Եվրահանձնաժողովից պահանջել է չեղարկել երաժշտական ներկայացման համար նվագախմբին 200 հազար եվրոյի տրամադրման որոշումը:
Եվրահանձնաժողովը դոտացիան ուժի մեջ է թողել, սակայն նվագախմբին կոչ է արել մեղմել ներկայացման տեքստերը եւ չհիշատակել ցեղասպանության մասին, իսկ հետո ներկայացման մասին բոլոր հիշատակումները հեռացրել իր պաշտոնական կայքից:
«Նախագծի նկարագրության մեջ օգտագործված սահմանումների շուրջ անհանգստության պատճառով հանձնաժողովը ժամանակավորապես իր կայքից հեռացրել է այն, որպեսզի նախագծի պրոդյուսերի հետ քննարկի նոր ձեւակերպումները»,- France Presse-ին հաղորդել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Ներկայացմանը մասնակցում են հայ եւ թուրք երաժիշտներ: Պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերին, Բեռլինում, բայց այն ժամանակ մեծ աղմուկ չի բարձրացրել:





























