Եվրամիությունը ձգտում է կանգնեցնել դեպի Եվրոպա անօրինական միգրացիան եւ փախստականների ավելի մեծ հնարավորություններ տալ: Այս մասին Թուրքիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք ցանկանում ենք ոչ միայն կանգնեցնել ապօրինի միգրանտների հոսքը, այլեւ մարդկանց խանգարել անցնել այդ վտանգավոր ճանապարհը: Նրանք պետք է ավելի մեծ հնարավորություններ ունենան իրենց հայրենիքի մոտակայքում»,- հայտարարել է Մերկելը:

«Կարեւոր նշանակություն ունի նաեւ փաստը, որ Թուրքիան ավելի մեծ օգնություն կստանա»,- կանցլերի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

ԵՄ-ն պատրաստվում է փախստականների համար իրականացվելիք ծրագրերի համար Թուրքիային ընդհանուր առմամբ 6 մլրդ եվրո տրամադրել:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի ուղեկցությամբ այցելել են սիրիացի փախստականների կենտրոն: