Սերբիայում այսօր՝ ապրիլի 24-ին, տեղի ժամանակով 07.00-ին մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
Երկրի խորհրդարանի (Սկուպշչինա) 250 մանդատի համար պայքարում են 20 կուսակցություններ, կոալիցիաներ եւ դաշինքներ, որոնք պետք է հաղթահարեն 5-տոկոսանոց շեմը: Ազգային փոքրամասնությունների կուսակցությունները քվոտա ունեն եւ խորհրդարանում տեղ ունենալու համար նրանք պետք է ստանան ընդամենը 15 հազար ձայն:
Նախընտրական կանխատեսումների համաձայն, վստահ հաղթանակ պետք է տանի «Սերբիան հաղթում է» կոալիցիան, որը կազմավորվել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած իշխող պահպանողական Սերբական առաջադիմական կուսակցության շուրջ: Ընտրությունների գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք այդ քաղաքական դաշինը կստանա 50 տոկոսից ավելի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Խորհրդարանական ընտրությունները Սերբիայում անցկացվում են արտահերթ երկրի վարչապետի նախաձեռնությամբ: Նա վերջին ժամանակներս բախվել է ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ սուր քննադատության, այդ թվում նաեւ ԵՄ-ին ինտեգրվելու ծրագրերի պատճառով: Դրա համար էլ Վուչիչը որոշել է վերահաստատել իր քաղաքական կուրսը համաժողովրդական քվեարկության միջոցով: Սերբիայի Սկուպշչինայի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014-ի մարտին:





























