ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ է արտահայտվել Սիրիայի տարածք ամերիկյան  ցամաքային զորքեր ուղարկելուն:

«ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի համար սխալ կլիներ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով այնտեղ ցամաքային զորքեր ուղարկելը»,- ասել է նախագահը BBC–ին տված հարցազրույցում:

Նա նաեւ տեսակետ է հայտնել, որ վստահ չէ, որ մինչեւ իր պաշտոնավարման ավարտը հնարավոր կլինի ամբողջովին ոչնչացնել  «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ընդ որում Օբաման շեշտել է, որ «կարելի է աստիճանաբար փոքրացնել այն տարածքը, որտեղ նրանք իրականացնում են իրենց գործունեությունը»,- հայտնում է Gazeta–ն:

ԱՄՆ նախագահը նաեւ պատմել է, որ Սիրիայում «անհավանական բարդության սահմռկեցուցիչ իրավիճակ է», դրա համար էլ նա չի կարծում, որ այս հարցում կան «որեւէ հեշտ լուծումներ»: Նրա խոսքով, միայն ռազմական ջանքերը, մանավանդ ցամաքային զորքեր ուղարկելը չեն կարող լուծել այդ երկրի խնդիրները:

Օբաման հավելել է,  որ միջազգային համայնքը պետք է շարունակի ճնշումները սիրիական կարգավորման բոլոր կողմերի՝ այդ թվում Ռուսաստանի, Իրանի ու չափավոր ընդդիմության վրա, որպեսզի Սիրիայում  համատեղ բանակցություններ սկսվեն: Այդուհանդերձ, նա պարզաբանել է, որ դա բարդ է ապահովել: