Գերմանիայի իշխանությունները գործ են հարուցել Բեռլինում Ծովահենների կուսակցության ղեկավար Բրունո Կրամմի նկատմամբ, որը Թուրքիայի դեսպանատան առաջ հրապարակայնորեն մեջբերել է Յան Բեմերմանի բանաստեղծությունները Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի հասցեին վիրավորանքներով:
Ապրիլի 22-ին կուսակցությունը հանուն խոսքի եւ մամուլի ազատության ցույց է կազմակերպել Բեռլինում Թուրքիայի դեսպանատան դիմաց, որին մոտ 20 մարդ է մասնակցել: Ոստիկանությունը Կրամմին երկու անգամ խնդրել է դադարեցնել բանաստեղծության մեջբերումը: Կրամմը չի արձագանքել, ինչից հետո իրավապահները ձերբակալել են քաղաքական գործչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով N-tv հեռուստաալիքին:
Կրամմի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԳԴՀ-ի ՔՕ-ի 103-րդ պարբերության խախտման կապակցությամբ «Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների եւ մարմինների նկատմամբ վիրավորանք»: Համանման գործ էր բացվել նաեւ Բեմերմանի հայտարարության փաստով:
Մարտի վերջին հեռուստահաղորդավար Յան Բեմերմանը ZDF հեռուստաալիքի (Գերմանիա) հումորային հաղորդման ընթացքում բանաստեղծություններ է ընթերցել Թայյիփ Էրդողանի հասցեին: Բանաստեղծության մեջ թուրք նախագահին կոչում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող, ինչպես նաեւ նրան մեղադրում են ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների համար:
Ի պատասխան, Թուրքիայի կառավարությունը նոտա է ուղարկել Բեռլին` պահանջելով քրեական հետաքննություն սկսել: Ինքը` Թուրքիայի նախագահը ապրիլի 11-ին մասնավոր կարգով հայց է ներկայացրել գերմանական Մայնց քաղաքի դատախազին:





























