Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուն կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը «կանխելու համար մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունները»:

Նա համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին ու դատապարտել Թուրքիայի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը, հայտնում է sigmalive.com–ը:

«Կիպրոսահայերը մեր երկրի պատմության եւ ինքնության պահպանման համար ժողովրդի պայքարի մի մասն են, մասնակցում են նաեւ քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքին»,- ասել է նա Նիկոսիայի Հայկական եկեղեցում իր ելույթի ժամանակ:

Օմիրուն հիշեցրել է, որ Պալատն ընդունել է բազմաթիվ բանաձեւեր, որոնք ճանաչում ու դատապարտում են Ցեղասպանությունը ու քրեականացնում դրա ժխտումը:

«Այսօր հրամայական է դարձել, որ բոլոր քաղաքակիրթ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որպեսզի կանխեն նման ոճրագործությունների կրկնությունը»,- ասել է Օմիրոն, նշելով որ անցյալի հանցագործություններն անպատիժ են մնացել՝ չնայած դրանք ապացուցված են պատմական փաստերով: