Բոստոնի կաթոլիկական արքեպիսկոպոսությունը հարգել է Հայոց ցեղասպանության հիշատակը: Սբ. Խաչի մայր տաճարում էկումենիկ պատարագ է մատուցել կարդինալ Շոն Օ’Մալլին: 

«Շատ կարեւոր է, որ մենք թույլ չտանք, որ Ցեղասպանության դեպքերը մոռացվեն: Մեկ ու կես միլիոն կյանքը չի մոռացվել», - հայտնել է նա:

Օ’Մալլիի հետ էկումենիկ պատարագ են մատուցել կաթոլիկական, արեւելյան ուղղափառ, ինչպես նաեւ հայ եկեղեցու հոգեւորականները:  

«Մենք պիտի ինքներս մեզ հարցնենք, եթե աշխարհն ուրիշ կերպ արձագանքեր Հայոց ցեղասպանությանը, դա կօգնե՞ր խուսափել Հոլոքոստից: Ոչ մի քաղաքակրթություն չի կարող իրեն թույլ տալ կեղծել պատմությունը: Դա չափազանց վտանգավոր է», - հավելել է կարդինալը:

Հավաքված հայերից շատերը հոգեւորականներին շնորհակալություն են հայտնել քրիստոնեական այլ ուղղությունների դավանող մարդկանց հետ աղոթելու հնարավորության համար: 

«Դա միասնության հրաշալի արարողություն էր», - հայտնել է 87-ամյա Սոնա Թոփչյան-Ֆրիսսորան: «Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում»:

«Իմ մեջ շատ տպավորվեց այս պատարագը», - հայտնել է Լիլիթ Կարապետյանը Ուոթերթաունից: «Հրաշալի է, որ այնտեղ այլ եկեղեցիներից մարդիկ էին հավաքվել»: