Ավելի քան հազար մարդ չարտոնված հանրահավաքի է դուրս եկել Ատիրաուում (Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ատիրաույան մարզի վարչական կենտրոնը), մարդիկ բողոքում են Հողային օրենսգրքում փոփոխությունների դեմ, որոնք թույլ են տալիս հող վաճառել օտարերկրացիներին, հայտնում է տեղական «Ակ Ժայիկ» թերթը: Ցուցարարների շարքերում կանայք եւ երեխաներ կան:
ԶԼՄ-ների տվյալներով, քաղաքային ակտիվիստները քաղաքային ակիմատ (քաղաքապետարան. խմբ.) հայտ են ներկայացրել ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու մասին, բայց նրանց մերժել են:
Ցուցարարների հետ հանդիպման են դուրս եկել տարբեր մակարդակների ղեկավարներ եւ փորձել են հավաքվածներին բացատրել, որ նոր Հողային օրենսգրքում ղազախական ինքնիշխանության համար վտանգավոր ոչինչ չկա, սակայն` անարդյունք:
Ատիրաույան մարզի ակիմ Նուրլան Նոգաեւի հետ բանակցություններում ցուցարարները պահանջել են կարճել քրեական գործերը, որ իրավապահ մարմիններն այսօր հարուցել են քաղաքական ութ ակտիվիստի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելին, ՂՀ-ի ազգային էկոնոմիկայի փոխնախարար Կայրբեկ Ուսկենբաեւը պարզաբանել էր, որ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները չեն փոխանցվի օտարերկրյա քաղաքացիներին որպես մասնավոր սեփականություն: Օտարերկրյա քաղաքացիները կկարողանան գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ձեռք բերել միայն ժամանակավոր հողօգտագործման հիման վրա` մինչեւ քսանհինգ տարի վարձակալության պայմաններով:





























