ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահ դառնալուց հետո չէր մոռացել «ցեղասպանություն» բառը. նրան խանգարեցին օգտագործել այդ բառը: Այս մասին ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է 100 LIVES նախագծի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն օգտագործել էր այդ բառը, եւ նրան անմիջապես հեռացրել էին պաշտոնից: «Դա ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականությունն է: Շատ վատ է, որ նախագահ Օբաման շարունակում է հայերին հույսեր ներշնչել, սակայն չի արդարացնում դրանք: Ինձ թվում է, որ ԱՄՆ մի խիզախ նախագահ վաղ թե ուշ կօգտագործի ճիշտ բառը»,- ընդգծել է Նուբար Աֆեյանը: