Ապրիլի 24-ին Սերբիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով հաղթել է «Ալեքսանդր Վուչիչ՝ Սերբիան հաղթում է» կոլացիան, որը ձեւավորվել էր իշխող Սերբական պրոգրեսիվ կուսակցության շուրջ՝ վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ղեկավարությամբ:

Ձայների 27.25 տոկոսի հաշվարկով Վուչիչի կոալիցիան ստացել է ձայների 49.30 տոկոսը: Հինգ տոկոսի շեմը հաղթահարում են եւս երեք կուսակցական ցուցակներ՝ Սերբիայի Սոցիալիստական կուսակցության շուրջ ձեւավորված կոալիցիան՝ Իվիցա Դաչիչի ղեկավարությամբ՝ 12.10 տոկոս, Սերբական ռադիկալ կուսակցությունը՝ Վոիսլավ Շեշելի ղեկավարությամբ՝ 7.94 տոկոս, «Հանուն արդարացի Սերբիայի՝ դեմոկրատական կուսակցություն» ընդդիմադիր կոալիցիան՝ 6.13 տոկոս:

Այսպիսով՝ ընտրություններին մասնակցած 20 կոալիցիայից առայժմ միայն չորսն են անցնում Սերբիայի խորհրդարան:

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է իր հաղթանակի մասին Սերբական պրոգրեսիվ կուսակցության նախընտրական շտաբում: Նա դա անվանել է պատմական հաջողություն ու Սերբիայի քաղաքացիների կողմից իր ընտրված քաղաքականության հաստատում:

Վուչիչն իր նախընտրական քարոզչության ժամանակ բազմիցս հայտարարել էր, որ իր կուսակցության համար ռազմավարական նշանակետ է լինելու Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին՝ պահպանելով լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, նաեւ հնարավորինս շատ ներդրումներ ապահովելով երկրում: