Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, ունի հետեւյալ ուղերձը՝ չդիմել ուժի կիրառման, անպայման վերադառնալ բանակցային սեղան: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին:

«Բերել եմ ուղերձ առ այն, որ պետք է վերսկսվեն բանակցությունները:  Բանակցությունները անհրաժեշտ են,  որ խուսափեն բռնության այնպիսի դրսեւորումներից, ինչպիսին եղավ վերջերս: Պետք է մեր ուժերը միավորենք, որ կերտենք հարատեւ խաղաղություն՝ հիմնված ուժի չգործածման, երկրների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա: Հենց այդ խաղաղության, արդարության հաշտեցման ուղերձն է, որով ես այսօր այստեղ եմ»,- ասաց Առլեմ Դեզիրը՝ նշելով, որ հենց սա է այն շեշտադրումը, որով ինքն այսօր Երեւանում, իսկ վաղն արդեն Բաքվում քաղաքական հանդիպումներ է ունենալու:

Պետքարտուղարի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ միջադեպերի վերահսկման մեխանիզմներ կիրառվեն, դադարեցվի ռազմական ցանկացած դրսեւորում, որ կողմերը կարողանան նստել բանակցային սեղանի շուրջ եւ պահպանել հրադադարի ռեժիմը:

«Վստահության մեխանիզմների մշակում եւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեխնիկական միջոցների կիրառում: Այս պատերազմը շատ մահեր, տառապանք ու  ցավ է պատճառել հակամարտող երկու կողմերին: Չի կարելի ասել սառեցված հակամարտություն, չկա այնպիսի ամիս, որ զոհեր չլինեն թե զինծառայողների, թե խաղաղ բնակչության շրջանում»,- նշել է Դեզիրը:

Նշենք, որ Ֆրանսիայի պետքարտուղարն այսօր վաղ առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դեզիրը հանդիպումներ ունի նաեւ ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: