Հարավային Քալիֆորնիայում հրապարակել են կավատության մեջ մեղադրվող Մհեր «Մայք» Հակոբյանի, նրա կնոջ՝ Նատալյա Մուրավյովայի եւ նախկին կնոջ՝ Ալլա Կասյանովայի դատավճիռը: Մեղքը ընդունելու փաստը հաշվի առնելով՝ մեղադրյալների նկատմամբ փոքր պատժաչափ է սահմանվել. Նատալյա Մուրավյովան դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման, Ալլա Կասյանովան՝ 2, Հակոբյանը՝ 3 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ ԱՄՆ միգրացիոն եւ մաքսային ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ 2002 թվականին Հարավային Քալիֆորնիայի բնակիչներ Մհեր «Մայք» Հակոբյանն ու Նատալյա Մուրավյովան ձերբակալվել են՝ Հարավային Քալիֆորնիայի քաղաքներում աշխատելու նպատակով Արեւելյան Եվրոպայից մարմնավաճառների վարձելու կասկածանքով:
Պետական մեղադրանքի համաձայն, հանցագործները Մերձբալթյան երկրներից եւ Ռուսաստանից աղջիկների օգնել են վիզայից հրաժարվելու ծրագրով փաստաթղթեր ձեւակերպել, որը որոշ երկրների քաղաքացիների թույլ տալիս 90 օր ԱՄՆ-ում գտնվել՝ տուրիստական կամ գործնական այցի նպատակով: Երբ աղջիկներն ԱՄՆ են ժամանել, մեղադրյալները նրանց հարկադրել են մարմնավաճառությամբ զբաղվել:
Հետագայում նույնպիսի մեղադրանք է առաջադրվել նաեւ Հակոբյանի նախկին կնոջը՝ Ալլա Կասյանովային:
Զույգին բռնել են, երբ նրանց Լոս Անջելեսի օդանավակայանում դիմավորել են Լատվիայից երկու աղջկա: Վերջինները չեն կարողացել հստակ պատասխանել իրենց այցի մասին տարրական հարցերի: Ավելին, Մոսկվայից ժամանած նրանց ուղեբեռում մաքսային ծառայության աշխատակիցները «մարմնավաճառների առարկաներ» են հայտնաբերել. մեծ քանակությամբ պահպանակներ եւ սեռական ակտիվության ժամանակ տարատեսակ վարակների դեմ դեղորայք:
Մաքսային ծառայությունը հաջորդ չվերթով աղջիկներին Ռուսաստան է ուղարկել, ինչը զայրացրել է շքեղ մեքենայով օդանավակայան ժամանած Հակոբյանին: Հատուկ ծառայությունները սկսել են հետեւել կասկածելի բիզնեսով զբաղվող հային ու նրա ռուս կնոջը: 10 ամիս ամիս անց Լոս Անջելեսի դատախազությունը բոլոր երեքին պոռնկություն կազմակերպելու մեղադրանք է առաջադրել:
Հանցավոր գործունեության ամբողջ ընթացքում Հակոբյանը ներկա եւ նախկին կանանց հետ Լատվիայից եւ Ռուսաստանից ԱՄՆ է տարել 20 տարեկան 14 ռուսախոս աղջկա:



























