Չի կարելի օֆշորային ընկերություններին արգելել ներդրումներ կատարել Հայաստանում: Այս մասին ապրիլի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց  փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հայաստանում, Ռուսաստանում եւ նման մի շարք այլ երկրներում ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնում նաեւ օֆշորներում գրանցված ընկերությունները: Նրանց մուտքը Հայաստան սահմանափակելը կնշանակի խանգարել ներդրումներին:

Օֆշորում խոշոր գործարքի վերջին օրինակներից է Որոտանի կասկադ-ՀԷԿ-ի սեփականաշնորհումը, երբ գնորդը՝ ամերիկյան Contour Global-ը, ներկայացավ Լյուքսեմբուրգի իր դուստր ձեռնության միջոցով: Ընդ որում, Contour Global-ն առավել քան հայտնի ընկերություն է, որը նաեւ ԱՄՆ կառավարության աջակցությունն է վայելում:

Վաչե Գաբրիելյանի խոսքով, պարզապես հարկային վճարումները կարգավորելու համար նրանք որոշեցին գործարքը ձեւակերպել ոչ թե մյուս դուստր ձեռնարկությունների, այլ հենց լյուքսեմբուրգյանի միջոցով:

Ընդ որում, կառավարությունը հետեւում է իրական ներդրողների նույնականացմանը, հատկապես՝ ֆինանսական ոլորտում, որտեղ Հայաստանը փողերի լվացման դեմ միջազգային մի շարք համաձայնագրերի կողմ է հանդիսանում: «Շղթայի մյուս ծայրում անպայման կոնկրետ բաժնետեր կա»,- վստահեցրեց նախարարը:

Հարցին, արդյո՞ք օֆշորը Հայաստանից հեռացող փողերի լվացման եւ հետագայում դրանց օրինական վերադարձի վայր չի դառնում, նախարարը պատասխանեց, որ այդպիսի փաստերը հայտնաբերելն անհնար է: