«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընդիմադիր դաշտ գործուղվելու մասին խոսակցությունները արհեստածին են: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնի է իր տնտեսական լուրջ գործունեությամբ, եւ քիչ հավանական է, որ նա հայտնվի ընդդիմադիր դաշտում՝ աչքի առաջ ունենալով Խաչատուր Սուքիասյանի վառ օրինակը:
Սուքիասյանը, ինչպես հայտնի է, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Ուստի, այս ամենը հաշվի առնելով, ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը տնտեսական գործոնից եւ գործչից կարող է դառնալ այդպիսի քաղաքական գործոն եւ գործիչ: Ինձ համար այդ տրանսֆորմացիան բարդ է պատկերացնելը»,-նշեց Մարտիրոսյանը: Նա նաեւ հավելեց, որ ԲՀԿ-ում, բացի Գագիկ Ծառուկյանից, կան մեծ թվով տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: «ՕԵԿ-ի հետ պատահածից էլ պարզ դարձավ, որ տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդիկ, որոնց ճակատին ՕԵԿ է գրված, ինչպես են շատ կարճ ժամանակամիջոցում հայտնվում իշխանական դաշտում եւ հասկանում, որ իրենք միայն իշխանություն են սիրում եւ միայն նրանց կողքին պետք է կանգնած լինեն»,-նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը:





























