Դժբախտությունը պատուհասել է Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի   փոքրիկ Բադի գյուղին. տարվա սկզբից այնտեղ ինքնասպանության   80 դեպք է գրանցվել: Տեղի բնակիչները տեղի ունեցողը բացատրում են չար ոգիների մեքենայություններով, բայց գիտնականները կարծում են, որ աղետը կապված է թունաքիմիկատների կիրառության հետ: 

RT-ն հայտնում է, որ վերջին տասնամյակներին Բադիում կյանքից ինքնակամ հեռացման   350 դեպք է արձանագրվել, ընդ որում, ներկայումս գյուղի բնակչությունը մոտ  2,5 հազար մարդ է կազմում:

Գյուղապետը տեղի ունեցողի համար չար ոգիներին է մեղադրում: Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ տեղի բնակիչների տրամադրության վրա կարող էին բացասաբար ազդել թունաքիմիկատները, որոնք նրանք կիրառում են հողերի մշակության ընթացքում:   Times of India պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հնչեցրել հոգեբույժ Սրիկանտհ Ռեդդին: Նրա խոսքով, մարդու օրգանիզմի վրա քիմիկատների ազդեցության հետեւանքով կարող է դեպրեսիա եւ նույնիսկ շիզոֆրենիա զարգանալ:   

Փորձելով կանխել մահերի համաճարակը` գյուղում արգելել են ալկոհոլային խմիչքները, բայց դա ընդամենը հանգեցրել է նրան, որ բնակիչները սկսել են սպիրտի համար վազել հարեւան գյուղեր: 

Կհարոն օկրուգը, որի մաս է կազմում Բադի գյուղը, ներառված է Հնդկաստանի ամենաաղքատ շրջանների ցուցակում: